Մայիսի 11–13-ը Վրաստանում անցկացվեց եռօրյա ուսանողական վերապատրաստում՝ «PROVE» («Արժեքային կրթության խթանում Հարավային Կովկասի բարձրագույն ուսումնական հաստատություններում») ծրագրի շրջանակում։ Միջոցառումն իրականացվել է Erasmus+ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (CBHE) ծրագրի աջակցությամբ։ Աշխատանքային հանդիպումներն անցկացվել են Կովկասի համալսարանում։
Վերապատրաստման նպատակն էր խթանել ուսանողական նախաձեռնությունները և ծրագրել համայնքային կարիքների վրա հիմնված գործողություններ։ Միջոցառմանը մասնակցել են հայկական և վրացական հինգ բուհերի ուսանողներ՝ Կովկասի համալսարանից (CU), Իլիայի պետական համալսարանից (ISU), Յակոբ Գոգեբաշվիլիի անվան Թելավիի պետական համալսարանից (TeSAU), Երևանի պետական համալսարանից (YSU) և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից (ASPU)։
Վերապատրաստումը կազմակերպվել էր վրացի, հայ և ավստրիացի գործընկերների կողմից։ Թեմատիկ բաժինները վարել են ոլորտի մասնագետներ՝ Կովկասի համալսարանից Քեթևան Վասաձեն և Մայա Զիբզիբաձեն, Իլիայի պետական համալսարանից Թամար Մոսիաշվիլին և «Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիայի» (AVaKE) ներկայացուցիչ Զիգլինդե Վեյրինգերը։
Համառոտ՝ համայնքային գործունեության ուսանողական վերապատրաստման մասին
Ծրագրի շրջանակում նախատեսված համայնքային գործունեությունները ներառում են երկու փուլ։ Մայիսի 11–13-ին անցկացված ինտենսիվ վերապատրաստման ընթացքում ուսանողները տեսական նյութերի հիման վրա գնահատել են իրենց համայնքներում առկա խնդիրները և մշակել կոնկրետ գործողությունների ծրագրեր։ Հաջորդ փուլում, «PROVE» ծրագրի ներկայացուցիչների աջակցությամբ, ուսանողները գործնականում կիրականացնեն այդ համայնքային նախաձեռնություններն ընտրված համայնքներում։ Ծրագրի ավարտին մասնակիցները կրկին կհավաքվեն՝ ամփոփելու իրականացված նախաձեռնությունների արդյունքները։
Վերապատրաստման նպատակն էր խորացնել ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական փորձը։ Ուսանողները ծանոթացել են Արժեքների և գիտելիքի կրթության (VaKE) սկզբունքներին, ծառայողական ուսուցման մեթոդներին և դրանց ինտեգրման հնարավորություններին համայնքային նախագծերի իրականացման ընթացքում Նրանք նաև մասնակցել են «Երկընտրանքային քննարկումներ» ձևաչափին, որը VaKE մեթոդաբանության կարևոր բաղադրիչ է և հնարավորություն է տալիս ուսանողներին զարգացնել թեմաների խորքային և բազմակողմանի ընկալում։
Առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում ուսանողների կողմից իրենց համայնքներում առկա խնդիրների վերաբերյալ գործունեության պլանավորումը։ Թիմային աշխատանքի ձևաչափով նրանք առանձնացրել են համայնքների մարտահրավերներն ու կարիքները, կազմել դրանց հիման վրա համայնքային գործողությունների ծրագրեր, ներկայացրել դրանք լսարանին և ստացել փորձագիտական արձագանք։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր նաև Վրաստանի մայրաքաղաքի պատմական թաղամասերով համատեղ շրջայցը վրացի և հայ երիտասարդների ու դասախոսների համար։ Հատկանշական է, որ այս երեք օրերի ընթացքում միասին անցկացված ժամանակը նպաստեց ոչ միայն ուսանողական համայնքային նախագծերի զարգացմանը, այլև համագործակցային կապերի ձևավորմանն ու հայ և վրացի գործընկերների և ուսանողների միջև բարեկամության ամրապնդմանը։
Առաջիկա ամիսներին ուսանողները կիրականացնեն նախատեսված համայնքային նախագծերը, որոնք հետագայում կներկայացվեն հայկական և վրացական հանրությանը։ Իրականացված նախագծերի արդյունքները ուսանողները կներկայացնեն ծրագրի շրջանակում նախատեսված միջազգային գիտաժողովում։
PROVE ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այնուամենայնիվ, արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) դիրքորոշումը։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում դրանց համար։



































































