Ապրիլի 22-ին և 24-ին Կովկասի համալսարանում PROVE նախագծի շրջանակում անցկացվեց երկօրյա վերապատրաստում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար՝ «Ինչպե՞ս ուսուցանել արժեքներ» խորագրով։
Վերապատրաստման նպատակն էր պրոֆեսորադասախոսական անձնակազմին ծանոթացնել արժեքային կրթության գաղափարին և ցույց տալ, թե ինչպես կարող է ակադեմիական բովանդակությունը ծառայել որպես արժեքների ձևավորման հզոր գործիք։ Քննարկվեցին այն ուղիները, որոնց միջոցով համալսարանները կարող են ձևավորել մասնագետներ, որոնք օժտված են էթիկական գիտակցությամբ, սոցիալական պատասխանատվությամբ և քննադատական մտածողությամբ, հատկապես արհեստական բանականությամբ պայմանավորված գլոբալացված աշխարհում։
Վերապատրաստումն իրականացվեց հիբրիդային ձևաչափով․ առաջին օրն անցկացվեց առկա ձևաչափով, իսկ երկրորդ օրը՝ առցանց։
Առաջին օրը ներառում էր հիմնարար թեմաներ, ինչպիսիք են արժեքների սահմանումն ու դասակարգումը, արժեքների ուսուցման ռազմավարությունները, դիլեմաների կառուցումը և արժեքների և գիտելիքի կրթության (VaKE) մեթոդաբանության կիրառումը։
Երկրորդ օրը մասնակիցները քննարկեցին խնդրահեն, դեպքահեն և դիլեմահեն ուսուցման նմանություններն ու տարբերությունները։ Նրանք ուսումնասիրեցին դիլեմաների կառուցվածքն ու առանձնահատկությունները, համեմատեցին Քոլբերգի և VaKE-ի դիլեմաները, ինչպես նաև անդրադարձան արհեստական բանականության դերին գիտելիքահենք և արժեքահենք ուսուցման գործընթացում։ Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես կարելի է ստեղծել դիլեմաներ՝ օգտագործելով արհեստական բանականության միջոցով գեներացված «պրոմփթներ», և նրանք հնարավորություն ունեցան մշակելու դիլեմաներ՝ իրենց դասավանդման ոլորտներին համապատասխան, որին հաջորդեցին խմբային քննարկումներ՝ այդ դիլեմաների առանձնահատկությունների վերաբերյալ։
Վերապատրաստման ավարտին մասնակիցներին տրամադրվեցին արհեստական բանականությանը վերաբերող հատուկ պրոմփթներ, որոնք կօգնեն քննադատաբար գնահատել արհեստական բանականության կողմից ստեղծված դիլեմաները և կատարելագործել դրանք։
PROVE նախագիծը կարևորում է խաղաղության կրթությունը՝ արժեքահեն ուսուցման և VaKE մոտեցման միջոցով։ Վերջինս նորարարական, ուսանողակենտրոն մեթոդ է, որը համադրում է արժեքային կրթությունը և հետազոտահեն ուսուցումը։ Նախագծի նպատակն է ինտեգրել այս մոտեցումն ակադեմիական ծրագրերում և զարգացնել համագործակցությունը գործընկեր հաստատությունների միջև։
Այս նախաձեռնությունը համատեղ իրականացվում է Ավստրիայի, Հունաստանի, Վրաստանի և Հայաստանի կազմակերպությունների ու համալսարանների կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի Erasmus+ Capacity Building in Higher Education (CBHE) ծրագրի շրջանակում։
















