Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ուսուցիչների եռօրյա վերապատրաստումը

Հունիսի 10–12-ը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում անցկացվեց ուսուցիչների մասնագիտական եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ կազմակերպված ERASMUS+ կարողությունների զարգացման «Արժեքներին միտված կրթության խթանումը Հարավային Կովկասում» (PROVE) նախագծի Աշխատանքային փաթեթ 2-ի (WP2) շրջանակում։

Վերապատրաստմանը մասնակցում էին հանրակրթական և այլ ուսումնական հաստատություններից ներգրավված շուրջ 20 ուսուցիչներ՝ ներկայացնելով տարբեր առարկայական ոլորտներ։

Դասընթացը վարում էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով փոխդեկան Մարինե Մաթոսյանը և Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիանա Ավետիսյանը։

Եռօրյա ինտենսիվ վերապատրաստման առանցքում VaKE (Values and Knowledge Education՝ Արժեքների և գիտելիքի կրթություն) նորարարական մեթոդաբանությունն էր, որը հիմնված է կոնստրուկտիվիստական կրթական մոտեցման վրա։ Մասնակիցները ծանոթացան մեթոդաբանության տեսական հիմքերին, դրա կիրառման առանձնահատկություններին և կրթական գործընթացում արժեքների ու գիտելիքի համադրման հնարավորություններին։

Գործնական աշխատանքների ընթացքում ուսուցիչները ուսումնասիրեցին Լոուրենս Քոլբերգի բարոյական զարգացման տեսությունը և բարոյական դիլեմաների կիրառման մեխանիզմները՝ որպես սովորողների արժեքային դատողությունների, քննադատական մտածողության և ակադեմիական գիտելիքների զարգացման արդյունավետ գործիք։ Մասնակիցները մշակեցին սեփական դիլեմաներ, իրականացրին խմբային քննարկումներ և փորձարկեցին VaKE մեթոդաբանության կիրառման տարբեր մոդելներ։

Դասընթացի շրջանակում ներկայացվեցին նաև արհեստական բանականության (AI) կիրառման հնարավորությունները կրթության ոլորտում՝ մասնավորապես ուսումնական գործընթացի համար հետաքրքրաշարժ, բազմաշերտ և արժեքային բաղադրիչ պարունակող դիլեմաների ստեղծման նպատակով։

Վերապատրաստման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր՝ վկայելով ծրագրի շրջանակում նրանց մասնագիտական զարգացման և վերապատրաստման հաջող ավարտը։

PROVE ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այնուամենայնիվ, արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) դիրքորոշումը։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում դրանց համար։