Կամրջելով արժեքներն ու գիտելիքը. ՀՊՄՀ-ի հատուկ դասախոսությունը Ռումինիայի Դմիտրի Կանտեմիրի համալսարանում՝

Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի գիտության և միջազգային համագործակցության հարցերով փոխդեկան Մարինե Մաթոսյանը ս/թ․ մայիսի 13-ին Ռումինիայի Դմիտրի Կանտեմիրի համալսարանում ուսանողների համար հանդես եկավ հատուկ դասախոսությամբ, որի հիմքում դրված էր Էրազմուս + PROVE նախագծի VAKE (արժեքահեն և գիտելիքահեն կրթություն) մեթոդաբանությունը։

Դասընթացը կառուցված էր հստակ մեթոդական փուլերով, որոնց հաջորդական կիրառումը թույլ տվեց առավելագույնս ներգրավել լսարանին։ Որպես մեկնարկային կետ՝ ուսանողներին ներկայացվեց բարդ բարոյական դիլեմա, որին հաջորդեցին անհատական և խմբային քննարկումների, տեղեկատվության հավաքագրման և փաստարկների վերլուծության փուլերը։ Դիլեմայի վրա հիմնված այս մոտեցումը ոչ միայն խթանեց ուսանողների վերլուծական ու քննադատական մտածողությունը, այլև զարգացրեց փաստարկված ու կշռադատված դիրքորոշում ձևավորելու կարողությունը։

Դասն անցավ բացառիկ ինտերակտիվ միջավայրում, որտեղ տարբեր կարծիքների և արժեքների բախումը մեթոդաբանության կանոնների շնորհիվ վերածվեց կառուցողական, հարգալից և արդյունավետ երկխոսության։

PROVE ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այնուամենայնիվ, արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Կրթության և մշակույթի եվրոպական գործադիր գործակալության (EACEA) դիրքորոշումը։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ դրամաշնորհ տրամադրող մարմինը պատասխանատվություն չեն կրում դրանց համար։